Իշխող ուժը և անձամբ վարչապետը Լիբերտարիանիստներ են. Հայկ Մարտիրոսյան
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեև այս վարչապետն իր հայտնի թեզով հայտարարել է, որ իրենք ոչ մի «իզմ» չունեն, այսինքն՝ զուրկ են որևէ գաղափարախոսությունից /որ սարսափելի բան է որևէ հասուն հասարակությունում/, բյց այնուամենայնիվ՝ երկամյա դիտարկումներն ու վարչապետի գաղափարները մատնում են մի բան: Վստահ եմ, որ իշխող ուժն ինքն անգամ չգիտե թե դա ինչ «իզմ» կամ ուղղություն է, բայց իրենք և անձամբ վարչապետը Լիբերտարիանիստներ են: Եթե բարդ քաղաքագիտական բացատրություններ չտանք, այլ մնանք պարզ ձևակերպման շրջանակներում՝ ապա դա ուղղություն է, որ քաղաքացու կյանքի և բարեկեցության, նաև՝ դժբախտությունների ողջ պատասխանատվությունը դնում է հենց քաղաքացու վրա և դեմ է պետական ապարատին, պետական մասնակցությանը: Զուտ ամերիկյան ծագում ունեցող այս գաղափարախոսությունն ամենաավերիչ ուղղություններից է և շնորհիվ բազմամիլիարդադատեր արդյունաբերողներ Կոք /Կոխ/ եղբայրների միլիարդավոր դոլարներով ամերիկյան քաղաքականության վրա ծախսերի՝ դարձել է մեր օրերի Հանրապետական կուսակցության հիմնական ուղղություններից մեկը:
Եթե կարճ ասենք, ապա լիբերտարիանիզմը խթանում է հանրային էլիտաների կողմից ժողովրդի թալանը՝ միաժամանակ ժողովրդի ուղեղը լվանալով թե անհատն է պատասխանատուն թե՛ սեփական երջանկության և թե՛ դժբախտության համար: Լիբերտարիանիզմը դեմ է առողջապահական համակարգի պետական ապահովագրմանը, սոցիալական բոլոր ծրագրերին և ըստ էության՝ հասարակության միջին և ստորին սոցիալական խավերը դիտարկում է որպես շահագործման ենթակա ստրկական աշխատուժ, որը պետք է ծառայի «մեծապես աշխատասեր», բայց օդանավներում ապրող վերնախավերին:
Այս գաղափարախոսության որոշակի տարածվածությամբ են հիմնականում բացատրվում ամերիկյան տնտեսության և սոցիալական-հասարակական կյանքի բազում ճգնաժամային կողմեր, մեծացող ծայրահեղ աղքատությունն ու առողջապահական համակարգի վատթարագույն վիճակը: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում լավագույն և ամենաորակյալ առողջապահությունն է աշխարհում, բայց իր հասանելիությամբ և որպես առողջապահական համակարգ՝ այն վատթարագույնն է համարվում ողջ զարգացած Արևմուտքում:
Ի հակասություն սրան՝ Սկանդինավյան երկրներում, որտեղ սոցիալական բաղադրիչը պետության ողնաշարն է և ողջ պետական ապարատի առաջնային մտահոգությունը քաղաքացիների սոցիալական և առողջապահական խնդիրների լուծումն է պետության և ո՛չ քաղաքացիների ջանքերով՝ բարեկեցության /ոչ հասարակական համախառն հարստության/ ցուցանիշներն ամենաբարձրն են աշխարհում: Դրան զուգահեռ՝ բարձր են և երջանկության ցուցանիշները:
Հայաստանում «հետհեղափոխական» իշխանությունները ինչպես բոլոր հարցերում՝ այնպես էլ՝ պետության՝ քաղաքացիների հանդեպ սոցիալական պարտավորությունների առումով որդեգրել են ամեն բան նույն քաղաքացիներին հետ պատվիրակելու քաղաքականություն: Հայաստանի համար դա կործանարար, հակաժողովրդական ուղի է: Ու քանի որ ամերիկյան միջին-արևուտքի բազում նահանգների պես Հայաստանում նույնպես կրթական դեգրադացիա է արձանագրվել վերջին տասնամյակներին՝ այստեղ ևս չեն հասկանում այս իշխանությունների կրած և դավանած լիբերտարիանիզմի ահռելի վտանգներն ու անպատասխանատու, ժողովրդի խնդիրները չլուծելու, և ամբոխավարական ու ամբոխահաճո խոսքի անընդունելիությունը:
Հայաստանի պես երկրում, որտեղ տնտեսության վերաձևում այսպես կոչված հեղափոխությունից հետո այդպես էլ չեղավ՝ չի կարող սոցիալապես անապահով ստորին խավը անցում կատարել դեպի միջին խավ: Որքան էլ որ աշխատի, որքան էլ որ ջանք թափի: Առանձին անհատներ՝ թերևս այո: Որպես խավ՝ երբեք: Նույն խնդիրն է և ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսատնտեսական համակարգը գրեթե նույն արգելքներն է սահմանել և որպես դեղամիջոց՝ տասնամյակներ շարունակ օգտագործել է «Ամերիկյան երազանքի»՝ «աշխատիր և կունենաս ամեն ինչ» միֆական թեզը:
Մենք դասեր չենք քաղում այլ օրինակներից, խորամուխ չենք լինում ուսումնասիրությունների մեջ և ամեն բան դիտարկում ենք մակերեսային՝ «աշխատիր և կունենաս ամեն ինչ» արտահայտության որակի դատողությունների դաշտում:
Ու քանի դեռ այդպես է՝ մենք միշտ թշվառ ենք ապրելու, մեր կառավարիչներն էլ՝ մեզ ուղարկելու են ծանր աշխատելու՝ և կարևոր չէ, հիվանդ ենք թե ոչ: Իսկ իրենք ... իրենք նույն պայմաններից տարբեր հեղափոխություններով իշխանության գալով՝ պարգևավճարներով համարելու են, որ աշխատել են և հիմա արժանիորեն ունեն ամեն ինչ:
Ամեն տիպի հեղափոխություներից առավել՝ մեզ կրթական հեղափոխություն է անհրաժեշտ»: