Լճափ գյուղում ճանապարհը չզիջելու պատճառով մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել. հարուցվել է քրգործ
Право«ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Գավառ քաղաք ընթացող երկու եղբայրները, նկատելով եւ ճանաչելով ճամփեզրին կանգնած տուժողի հարազատներին, առերեւույթ դիտավորությամբ ավտոմեքենան հարել են դեպի նրանց, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ. եղբայրները ձերբակալվել են։
2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Գավառի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ:
Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից եւս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի մեկ այլ բնակչի դին, ինչպես նաեւ՝ նույն գյուղի երկու բնակիչ՝ մարմնական վնասվածքներով:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա եւ 27-ամյա եղբայրները, իրենց հորը պատկանող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Սեւան քաղաք ուղեւորվելու ընթացքում, Լճափ գյուղում ճանապարհը չզիջելու պատճառով, վիճաբանել են նույն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, ով մոտակայքում գտնվող համագյուղացիների կողմից տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով՝ Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նրա հարազատները որոշել են ուղեկցել շտապօգնության մեքենային եւ այդ նպատակով մի պահ կանգ են առել Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27կ/մ հատվածում եւ իջնելով մեքենաներից՝ սպասել շտապօգնության մեքենայի մոտենալուն: Այդ ընթացքում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Գավառ քաղաք ընթացող երկու եղբայրները, նկատելով եւ ճանաչելով ճամփեզրին կանգնած տուժողի հարազատներին, առերեւույթ դիտավորությամբ ավտոմեքենան հարել են դեպի նրանց, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով եղբայրները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: