«Մաշան չի հավատում, որ տեսանյութը դիտավորյալ չի տարածվել» (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 6-ին քարոզարշավի ժամանակ մետրոյում «ԱՅՈ»-ի բուկլետները պատռած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա նետած աղջկա՝ Մաշայի արարքը շարունակում է քննարկվել։ Տեսակետները տարբեր են ու իրարամերժ։
Աղջկա ֆեյսբուքյան էջից հայտնի էր դարձել, որ նա Ռոբերտ Քոչարյանի աջակից է, և նրա մասին տարածված տեղեկությունների համաձայն՝ նա, նախկինում լինելով հեղափոխության ջատագովներից, պաշտոն չստանալուց հետո դարձել էր ընդդիմադիր։ Օրերս համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ բուկլետ պատռող աղջիկը պատմում էր միջադեպի մանրամասները։ Ավելի ուշ տեսանյութի հեղինակն ու աղջկա հետ զրուցած երիտասարդը ասել էր, որ տեսանյութը սարքած է եղել և իր զրուցակիցը Մաշան չի եղել։
«Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակիցներից մեկն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես են հանդիպել աղջկա հետ զրուցած երիտասարդի՝ Արամի հետ, որը հայտնի է «գյուղապետ» մականունով։ Վերջինս տեսանյութում ներողություն է խնդրում վարչապետից այն բանի համար, որ աղջկա հետ զրույցի ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին։ Նա նշում է նաև, որ զղջում է իր արարքի համար։
Երիտասարդի խոսքով՝ տեսանյութը դիտավորյալ չի նկարել, պարզապես, երբ խոսելիս է եղել՝ այդ ժամանակ ուրիշ հեռախոսով տեսախցիկը ստուգելիս՝ նկարահանվել է խոսակցությունը, սակայն պնդում է՝ չգիտի ոնց է հայտնվել համացանցում։ Խոսելով Մաշայի արձագանքի մասին՝ նշում է, որ նա նեղացել է իրենից և չի հավատում, որ դիտավորյալ չի տարածել տեսանյութը։