«Զերծ մնացեք դատական նիստերին ներկայանալուց». ԲԴԽ հայտարարությունը
ОбществоՀաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:
ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարեւորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝
- հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի օնլայն հեռարձակումը,
- հորդորում է դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,
- հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները,
- առաջարկում է բոլոր դատարաններին եւ դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով,
- հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին եւ դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը,
- հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին եւ դատական կարգադրիչների ծառայությանը դատարաններում աշխատանքը կազմակերպելիս եւ քաղաքացիների հետ շփումներում խստորեն պահպանել Առողջապահության նախարարության սահմանած հիգիենայի եւ կորոնավիրուսի կանխարգելման կանոնները,
- հանձնարարում է Դատական դեպարտամենտին ՀՀ բոլոր դատարանները ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով եւ իրականացնել դրանց կիրառման նկատմամբ վերահսկողություն: