Մենք չենք կարող ավելի մեծ գումարներ հատկացնել գետերի մաքրման համար․ Մարության
SocietyԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց երևանցիներին սոցիալական պատասխանատվության զգացում ունենալ և գետերն աղբ չթափել։
Մարությանն այս մասին ասաց Երևանի ավագանու հերթական նիստում՝ անդրադառնալով Երևան քաղաքի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանի՝ գետերի մաքրման մասին հարցին։
Հայկ Մարությանն արձագանքելով՝ ասաց, որ ամեն ինչ արվում է, ամեն ինչին ուշադրություն է դարձվում և որոշում կայացվում։
«Մենք չենք կարող ավելի մեծ գումարներ հատկացնել գետերի մաքրման համար, ամեն ինչ իր չափաբաժինն ունի։ Քաղաքային իշխանությունն էլ նրա համար է, որպեսզի այդ չափաբաժինը ճիշտ հատկացվի տվյալ խնդրին։ Մենք կարող ենք ամեն օր մաքրել, բնակիչներն էլ անընդհատ կեղտոտեն, պիտի մարդիկ ի վերջո հասկանան, որ աղբը գետը թափելն արգելված է։ Մարդիկ պետք է սոցիալական պատասխանատվության զգացում ունենան»,- ասաց Մարությանը։