Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ВидеоՀայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված՝ մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվի սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ անհրաժեշտ է որոշակի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար: Որոշակի շինարարական աշխատանքներ կդադարեն: Կդադարի նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ Պարետատունը կհրապարակի թույլատրելի գործունեության ցուցակը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս սահմանափակել տեղաշարժը և տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վարչապետը նաև հայտնեց, որ այսօր կորոնավիրուսով վարակվածության 41 նոր հաստատված դեպք ունենք:
«Ընդ որում այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություն է առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք Էրեբունի համայնքի եւ մենք մեկ շաբաթով պետք է ավելի ընդարձակ սահմանփակ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարևածումը կանխարգելենք»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: