Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, բուժհաստատությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բուժպարագաներով
ԱրցախԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հանրապետությունում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների պաշարները համալրելու համար: Արցախի տեղեկատվական շտաբը նշում է, որ Առողջապահության նախարարությունը պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով ու բարեգործական միջոցներով ձեռք է բերել կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության: