Ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները․ Մասիս Մայիլյան
ԲլոգոսֆերաԱրցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք է տարել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը հանրության առավել լայն շերտերի համար հասանելի և ընկալելի դարձնելու համար։ Միանշանակ կարող ենք փաստել, որ հանրության լայն շրջանակներում ոգևորություն է նկատվում, ընտրողների զգալի մասի մոտ առկա են կամք ու վճռականություն՝ արմատական բարեփոխումների ճանապարհով Նոր Արցախի հիմքը դնելու, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում մեզ, որ մարտի 31-ին կարձանագրվի զարգացման նոր հայեցակարգի հաղթանակը։
Խորապես գիտակցելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։
Առողջություն եմ մաղթում բոլորիս և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակած ու ամրապնդված է դուրս գալու այս փորձությունից»։