Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բավականին սուր հարցադրում արեց և նույնքան սուր պատասխան ստացավ Փաշինյանի կողմից: Նկատել ենք, որ Ուրիխանյանը նման սուր հարցադրումներ արել է իր պատգամավորության ընթացքում՝ բոլոր վարչպետների օրոք:
Առաջին վարչապետն, ում Տիգրան Ուրիխանյանն իր հարցով «նեղն է գցել», Տիգրան Սարգսյանն է: Դեռևս 2013թ. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղած հարցը վերաբերում էր վարչական շենքերի վերանորոգմանը: Վարչապետն էլ հրաժարվեց վարչական շենքերի վերանորոգման 200 մլն. դրամը տրամադրել անմարդկային պայմաններում գտնվող սահմանամերձ շրջանների մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների վերանորոգմանը, ասելով` «Հնարավոր է, բայց՝ ոչ»:
Երկրորդ դեպքը 2014 թվականին էր, երբ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հարցը վերաբերում էր առողջապահության ոլորտին, մասնավորապես, ապահովագրությանն ու պետպատվերներին: Ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ առողջապահական ոլորտում, իսկապես, կա մեծ ստվեր և ինքը ոչ արդյունավետ է համարում պետպատվերը:
2016 թվականին Տիգրան Ուրիխանյանի հարցերը, երրորդ անգամ, շփոթեցրին ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Թերևս, դա եղավ վարչապետի պաշտոնում Կարապետյանի առաջին սայթաքումը: Բանն այն է, որ հարցին՝ եթե օրինակ ամիսներ անց ախորժելի պաշտոններ առաջարկեն ռուսական 2 ընկերություններից՝ 50-70 հազար դոլարի համարժեք ռուսական ռուբլով աշխատավարձով՝ կհամաձայնի՞ փոխել աշխատանքի վայրը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա տիրապետո՞ւմ է ՀՀ պետական բյուջեի գոյացման միջոցների հարաբերակցությանը: Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասել էր, որ ինքն ամենևին էլ քաղաքապետի պաշտոնից վարչապետի պաշտոնին չի անցել ավելի բարձր աշխատավարձի համար: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա Կարապետյանն ընդգծել էր, որ թվերին չի տիրապետում և, եթե ՀՀ վարչապետը պետք է տիրապետի դրանց, ուրեմն նա պետք է լինի կառավարության շենքից միայն: Ուրիխանյանը սուր համեմատություն էր արել. «Որևէ կարդիովիրաբույժ որևէ հիվանդանոցի շենքից չի նշանակվում և պարտադիր չէ, որ տիրապետի փականների աշխատանքին կամ սրտի այլ մասերի»:
Չորրորդը ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ում երեկ՝ մարտի 26-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկ արեց օրենքի ուժով կարգավորել վարկային արձակուրդ տրամադրելու հարցը արտակագ դրություն հայտարարելու ժամանակահատվածում։ «Ձեռ եք առնումը ո՞րն է»,- Ուրիխանյանը սաստեց Փաշինյանին: Վարչապետի արձագանքը նույնքան սուր եղավ. «Ես դեմ եմ նման որոշումներին, իսկ, եթե անպարտաճանաչ պարտնյո՞ր է, իր պարտականությունները չի կատարում մի հատ էլ արձակուրդ ենք տալիս, թե երկու ամիս էլ մի կատարիր»։