Դատախազությունն ընդդեմ կառավարության. Երվանդ Զախարյանի 2008-ի որոշումները կվիճարկվեն
RightՀՀ դատախազությունը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով վերացնել դեռևս 2008 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից կայացրած 2 որոշումները։
Գլխավոր դատախզությունից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ հայցը ներկայացվել է ոչ թե Երևանի քաղաքապետարանի դեմ, այլ ՀՀ կառավարության այն պատճառով, որ 2008-ին Երևանն ունեցել է մարզի կարգավիճակ և ներկայիս քաղաքապետը չի հանդիսանում իրավահաջորդ, ուստի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
«2008-ին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ այդ ժամանակ գործող քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքը իբրև վերաճշտվել է, որի արդյունքում զբոսայգու մաս կազմող 10 հազար քառակուսի մետր հողատարածքը դուրս է թողնվել գլխավոր հատակագծից: Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տակ գտնվող հողամասը դարձել է օտարման ենթակա։ Քանի որ դա կատարվել է քաղաքապետի կողմից կայացված վարչական ակտի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել հանրային իրավահարաբերության տիրույթում վիճարկել վարչական ակտը։
Երկրորդ որոշումը վերաբերում է «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասին» թիվ 1619-Ա որոշմանը: Միջնորդել ենք, որպեսզի 3-րդ կողմ ներգրավվեն Երևանի քաղաքապետարանին, «Գոլդեն Փելիս»-ին և «Արդշինբանկ»-ին»,- պարզաբանեցին դատախազությունից։
Այստեղից փոխանցեցին նաև, որ հայցը բավարարվելու դեպքում «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող և ներկայումս «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող 10 հազար քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը և կծառայի որպես զբոսայգի:
Հավելենք, որ տարածքի գնահատված արժեքը մոտ 3 մլրդ դրամ է։
Նշենք, որ դատախազությունն ընդդեմ կառավարության հայցը դատարան է ներկայացվել մարտի 25-ին և մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։