«Փոխարենը խորհուրդ տան՝ անպատվում են ու անջատում հեռախոսը». քաղաքացին չգիտի իր անելիքը
SocietyԱյսօր կառավարությունն աջակցություն սահմանեց տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար, ովքեր ստեղծված պայմաններում չեն աշխատում: Ըստ այդ որոշման՝ նրանց տրվում է ֆինանսական աջակցություն 68․000-136․000 դրամի չափով: Լուրը լավն է, բայց խիստ կարևոր է, որ այն կիրառվի: Քիչ առաջ մեր խմբագրությունը ահազանգ ստացավ Վանաձոր քաղաքի մի բնակչուհուց: Վերջինս ասաց, որ որոշման մանրամասներին ծանոթանալու համար՝ զանգահարել է Վանաձոր քաղաքի սոցապ ծառայություն, ապա սոցիալական ծառայության թեժ գիծ, սակայն իր հարցերին չեն պատասխանել:
«Փորձեցի պարզել, թե ում կարող եմ դիմել, ինչ փաստաթղթեր ներկայացնեմ, բայց ինձ վիրավորում են, հարցերիս չեն պատասխանում: Գրանցված աշխատող եմ, կարի արտադրամասում եմ աշխատել, մոտ երկու շաբաթ չենք աշխատում: Բայց ես որտեղից կարող եմ գործընթացի կարգն իմանալ, եթե ոչ սոցապ ծառայության աշխատակիցներից, բայց նրանք ասում են՝ գնացեք Փաշինյանին դիմեք, նա Ձեր հարցին կպատասխանի: Փոխանակ խորհուրդ տան՝ անպատվում են ու անջատում հեռախոսը»,- սրտնեղեց քաղաքացին:
Նա նաև նշեց, որ միայնակ մայր է, հաշմանդամ երեխա ունի. «Իհարկե, արտադրամասից աշխատավարձ ստացանք, բայց քիչ՝ 50. 000 դրամ, հիմա չգիտեմ՝ դեղորայք գնել երեխայիս համար, սնունդ, թե կոմունալներ վճարել: Ամեն դեպքում, շատ ուրախացանք Կառավարության որոշման համար ու շատ ենք ցանկանում, որ այն իրականացվի»: