Մահացած զինծառայողը ծնողների ավագ զավակն էր. մանրամասներ
ՀասարակությունԱյս գիշեր ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Գարեգին Բաբակեխյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, 1 տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։
Նրա խոսքով՝ Գարեգինը ընտանիքի ավագ երեխան էր. «Ընտանիքում 3 երեխա էին, ինքը մեծն էր, մյուս երեխաները, եթե չեմ սխալվում, 12, 16 տարեկան են։ Երիտասարդ ընտանիք են, ամուսիններով աշխատում են։ Հայրը 42 տարեկան է, աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղեկացրինք»,- նշեց Գևորգյանը։
Աբովյանի համայնքի ղեկավարը նշեց նաև, որ հավանաբար այսօր երեկոյան դին կբերեն քաղաք:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: