Կորոնավիրուսով պայմանավորված՝ դատախազության միջնորդությամբ 9 անձ ազատ է արձակվել
RightՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:
Առանձնացվել էին նախաքննության և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող 11, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 9 կալանավորված անձինք:
Գործընթացը շարունակվում է, առկա են արդեն իսկ դատարաններ ներկայացված այլ միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:
Այն անձանց տվյալները, ովքեր նշված գործընթացի արդյունքում հայտնվում են ազատության մեջ, փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների, ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման, ինչպես նաև նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով՝ հաշվի առնելով առաջին հերթին ազատության մեջ գտնվելու պայմանների հնարավոր խախտումները, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու դեպքերը բացառելու խիստ անհրաժեշտությունը: