Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները
ՀասարակությունԳեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շեշտել է, որ երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,- նշել է մարզպետը: Գնել Սանոսյանը հորդորեց՝ պահպանել սերտ համագործակցությունը մարզի բուժհիմնարկների հետ և խնդիրներ ի հայտ գալու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: «Զգոն և կազմակերպված լինենք, դիմագրավենք բարդություններին, որպեսզի խնդրահարույց օջախները կառավարելի լինեն մեր կողմից» ,- հավելեց մարզպետը: