Անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է. Արցախի նախագահի խորհրդական
Արցախ«Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է:
Եթե նկատի ունենանք նաև շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաև՝ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում:
Սրան կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք ևս առկա իրավիճակին սրություն են հաղորդում»: