«Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, արդյունավետ և օրինապաշտ ոստիկանություն»
BlogosphereԱրդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ հասարակական կարգը պահպանող ոստիկանի նկատմամբ ցանկացած բողոքի կամ որևէ հասարակական կազմակերպության առաջին իսկ հայտարարության հիմքով ծառայողական քննություն եք նշանակում՝ կասեցնելով ծառայողական պարտականությունները, երբ որևէ հանրահավաքի կամ երթի ժամանակ հրմշտոցի ընթացքում անզգույշ շարժման համար իշխանության ներկայացուցչի դիրքում հանդես եկող անձին ամիսներով գցում եք քննչական մարմինների «ձեռքը», վստահ եղեք, որ այդ իշխանության ներկայացուցիչը վարանելու է իրագործել պետության սուրբ իրավունքն ու պարտականությունը՝ ուժի կիրառումը։ Ոստիկանության պատկերը պետության պատկերի արտացոլումն է։ Եթե ունենք վախեցած ու շփոթված ոստիկան, ապա այս բառերը լիարժեք բնորոշում են նաև պետությանը։ Ի՞նչ եք կարծում, եթե բարեփոխվելիք ոստիկանության համար նոր համազգեստ և ծառայողական մեքենաներ ձեռք բերեք, ամեն ինչ իր տե՞ղը կընկի… Էլ կարգազանց և լկտի վարորդները չե՞ն փորձելու «Live»-ի ու ճարտար լեզվի միջոցով ճնշել և անհարմար վիճակի մեջ դնել իշխանության ներկայացուցչին, կամ որևէ փողոցային միջոցառման ժամանակ առանձին ծայրահեղական էլեմենտներ չե՞ն փորձելու նվաստացնել հանրային կարգը պահպանել փորձող համազգեստավոր մարդուն…
Ի դեպ, կա մի օրինաչափություն. այն երկրներում, որտեղ ոստիկանն «անտեսանելի» է, որպես կանոն փողոցներում և մայրուղիներում չի երևում, այդ երկրներում ոստիկանությունն արդյունավետ է։ Դրանք այն երկրներն են, որտեղ հարգանքին, սիրուն զուգահեռ, մարդիկ հասարակական կարգի պաշտպանի նկատմամբ տածում են նաև այլ, շատ կոնկրետ զգացողություններ։ Եվ վստահ են մի բանում՝ ոստիկանը հաստատ չի վարանի անհրաժեշտության դեպքում օրինախախտին գետնին տապալելու, ձեռնաշղթաներ հագցնելու, իսկ օրենքով թույլատրված ծայրահեղ դեպքերում նաև՝ կրակ բացելու։ Եվ հակառակը. զրահամեքենաների առկայությունը քաղաքներում, ավտոմատավոր ոստիկանների խրոխտ տեսքը հանրային վայրերում խոսում է այն մասին, որ հասարակական կարգի պահպանության վիճակը հեռու է իդեալական լինելուց, իսկ հավանականությունը, որ կրիտիկական դեպքերում ոստիկանությունը չի տիրապետի իրավիճակը, կամ կհայտնվի անօգնական վիճակում՝ շատ մեծ։
Ոստիկանության բարեփոխումներն անհրաժեշտ են։ Ընդ որում դրանք պետք է տեղի ունենան շատ արագ (հիշեցնեմ, որ վրաց բարեփոխիչները առաջինը լուծեցին ոստիկանության ամրապնդման հարցը)։ Եվ այդ բարեփոխումների մեջ նոր համազգեստն ու մեքենաները ամենավերջին շտրիխը պիտի լինեն։
Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, արդյունավետ և օրինապաշտ ոստիկանություն»։