Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում խուզարկությունն ավարտվեց. ոչինչ չի հայտնաբերվել. պաշտպան
ԲլոգոսֆերաՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում իրականացվում էին համաժամանակյա խուզարկություններ, արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ոչինչ չի հայտնաբերվել, հավանաբար փաստաթղթեր էին փնտրում։ Այս խուզարկություններն իրականում վաղուց կատարվել էին, քանի որ սովորաբար խուզարկություններ արվում են գործի սկզբնական փուլում»,- ասաց Սարգսյանը։
Երեմ Սարգսյանի դիտարկմամբ՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացնելը, այս խուզարկությունները պայմանավորված են Խաչատրյանի՝ օրերս արած հայտարարությամբ. «Այս քայլերն արդեն այդ ուղղությամբ մտածելու համար ոչ մի կասկած չեն թողում։ Արվում է հնարավոր ամեն ինչ՝ ճնշումներ գործադրելու համար»։
Նշենք, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Երեմ Սարգսյանն ասաց, որ այսօր պետք է կայանար նիստը, սակայն Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների միջնորդությամբ հետաձգվել է՝ նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ այսօր Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։