2020 թվականն է. հայհոյանքները եւ վիրավորանքները դարձել են փոխադարձ, իսկ մթնոլորտը՝ շիկացած. Արա Զոհրաբյան
БлогосфераԱրժանապատվության կարեւորությունը եւ արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները եւ հասարակությունները ատելության եւ բռնությունների (նաեւ դրանցից բխող բացասական երեւույթների) պակաս չեն ունենալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏԵԼԻ Է
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948 թվական) ընդունվել եւ հռչակվել է նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքը: Հռչակագիրը շեշտում է մարդկային արժանապատվության ժառանգական անգնահատելի արժեքը, որը պետք է ճանաչվի բոլոր մարդկանց համար:
Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը մարդու անօտարելի արժանապատվությունն է համարում իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու արժանապատվության իրավունքը բացարձակ եւ անսահմանափակելի իրավունք է:
Վերջին իրադարձությունները (վիրավորանքներ, բռնություններ) ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում:
Դեռեւս 2018թ. օգոստոսի 20-ին ֆեյսբուքյան էջում նշել էի՝
«Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների եւ վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:»:
2020 թվականն է: Հայհոյանքները եւ վիրավորանքները դարձել են փոխադարձ, իսկ մթնոլորտը՝ շիկացած:
Ցավոք, պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում վերացնելու համար երկկողմանի անհանդուրժողականությունը, որը հիմնականում դրսեւորվում է ատելության խոսքի եւ հայհոյանքի ձեւերով:
Արժանապատվության կարեւորությունը եւ արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները եւ հասարակությունները ատելության եւ բռնությունների (նաեւ դրանցից բխող բացասական երեւույթների) պակաս չեն ունենալու:
Դեռ ուշ չէ»։