Ծովազարդում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:
«Վարակված 34-ամյա տղամարդը Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել և այնտեղից էլ վարակվել է: Վիճակը լավ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են: Դդմաշեն գյուղում ևս վարակվածության մի քանի դեպք կա»,- ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ վարակակիր տղամարդու շփման շրջանակը մեծ չէ, մի քանի հարևան են, որոնք ինքնամեկուսացվել են:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր 102 հաստատված դեպք կա, 2 անձ մահացել է: