Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կեղտոտել է Կապանի գետը (տեսանյութ)
SocietyԱյսօր` օգոստոսի 20-ին, Կապանի Ողջի գետով հոսում է գորշ գույնի ինչ-որ ջուր. քաղաքի ծայրամասում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարի ջրեր են խառնվել գետին: Այդ մասին հաղորդում է News.am-ը:
Կապանում «Էկոլուր»-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը աղետալի տեսք է ընդունել:
Քաղաքի կենտրոնով հոսող գետի գույնը պղտոր կաթնագույն տեսք է ստացել, որից սուր հոտ է փչում, անցորդներն հոտից ու գետից անդրադարձող ճառագայթներից խուճապահար արագ փոխում են մայթը եւ այլ ուղղությամբ շարունակում ճանապարհը: Բնակիչներն ասում են, որ գետը նախորդ տարիներին էլ էր գունափոխվել կոմբինատի վթարներից հետո, բայց նման աղետալի տեսքով առաջին անգամ են տեսնում, ինչը ցավալի փաստ է ու վտանգավոր՝ բնակչության առողջության համար:
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտ» օրաթերթին փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում, եւ մոտ 15-20 րոպե տեւողությամբ պոչատարի խողովակաշարի միացման կարի վրա առաջացած ճեղքի հետեւանքով՝ կոնցետրատը լցվել է Ողջի գետ:
Վթարն արդեն վերականգվել է եւ տվյալ հատվածում կատարվում են մաքրման աշխատանքներ: «ԶՊՄԿ-ին պատկանող թափուկատարի առաջին դյուկերի խողովակաշարի միացման կարի հատվածից ճեղք էր առաջացել, 15-20 րոպե է ընդհանուր տեւել թափոնաջրերի հոսքը, որից հետո պահուստային խողովակաշարով փոխել են այն: Գեղիի առվակի մեջ թափված պոչատարի պարունակությունն էլ առվակի միջոցով լցվել է Ողջի գետը: Քանի որ գետի ջրերը ներկա դրությամբ բարակ են, դրա համար էլ ինքնամաքրումը դանդաղ է ընթանում, բացի այդ, վերեւում մաքրման աշխատանքներ են իրականացվում, որի հետեւանքով էլ այդ ջրերի հոսքը դեռ շարունակվում է: Մենք եղել ենք տեղում, մեր լաբորատորիայից նմուշարկում են վերցրել եւ ուղարկել անալիզի, որի արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից»,- ասում է պարոն Պետրոսյանը:
Առավոտյան ժամը 6-ի սահմաններում տեղի ունեցած վթարից հետո Կապանի կենտրոնով անցնող Ողջի գետի միջով դեռ ժամը 13-ի սահմաններում շարունակում է կոնցետրատ հոսել:
Կապանի հասարակական կազմակերպությունները ահազանգում են դեպքի մասին եւ իրենց մտահոգությունը հայտնում, քանի որ վթարներից հետո ոչ մի անգամ կոմբինատը Ողջի գետում մաքրման աշխատանքներ չի իրականացնում, իսկ կոնցետրատը նստվածք է տալիս գետի եւ ափամերձ հատվածներում, որն էլ չորանալուց հետո դեռ շարունակում է վտանգ ներկայացնել ու քամու միջոցով փոշին տարածվել քաղաքում:
Կապանցիները նկատել են, որ ամեն անգամ գետի նման պղտորումից հետո բնակիչներից շատերի մոտ գլխացավ է զգացվում։