«Անլրջություն է, մանդատս վայր չեմ դնելու». Հրանտ Այվազյանը՝ «Իմ քայլը»-ի՝ մանդատներ վայր դնելու պայմանի մասին
ՔաղաքականՕրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի սպասված քաղաքական հետևանքների մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում խոսեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու ծեծկռտուքի գլխավոր դերակատարներից Սասուն Միքայելյանը: Նրանք երկուսն էլ նշեցին, որ Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե վայր դնի նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մակունցն անդրադարձավ նաև իմքայլական մյուս երկու պատգամավորներին, որոնք Մարուքյանին թիկունքից հարվածողներն էին, և նշեց, որ մանդատը վայր դնելու պատրաստ են նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, բայց կրկին պայմանով, որ իրենց մանդատը վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը պատգամավոր Հրանտ Այվազյանից փորձեց ճշտել՝ որքան է հավանականությունը, որ ԼՀԿ պատգամավորները կընդունեն «Իմ քայլը»-ի պայմաններն ու ԱԺ-ում միանգամից վեց պատգամավորի հրաժարական կտեսնենք: Եվ չնայած երկու հայտարարություններն էլ արվել էին ԱԺ նիստերի դահլիճում հենց նիստի ընթացքում, այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ այդ հայտարարություններից: Հայտարարությունները բառացի մեջբերելուց հետո, պատգամավորին հարցրինք՝ ինչու են հնչեցվում հենց իր և Սարգիս Ալեքսանյանի անունները, և արդյոք եղել է նախնական զգուշացում կամ քննարկում այս թեմայի շրջանակում:
«Ես, իսկապես, տեղեկություն չունեմ՝ ինչի մասին եք ասում, բայց ենթադրում եմ, որ մեր անունները հնչեցվել են, որովհետև մենք ներկա ենք եղել ծեծկռուքին և փորձել ենք միջամտել ու պաշտպանել Մարուքյանին: Բայց չեմ հասկանում՝ էս ինչ պայմաններ են, ինչ անլրջություն է: Հիմա ես էլ կարող եմ ասել՝ մանդատս վայր կդնեմ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դա լո՞ւրջ կարող է համարվել»,- ասում է Այվազյանը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն չեք պատրաստվում մանդատը վայր դնել, պագամավորը պատասխանեց. «Մանդատս յուրաքանչյուր պահի կարող եմ վայր կդնել, և վայր կդնեմ, երբ ես կուզեմ, ոչ թե, երբ իրենք կհորդորեն կամ կպահանջնեն: Այս պահին ես նման որոշում չեմ կայացրել»,- եզրափակեց պատգամավորը: