Պանդեմիայի դեմ պայքարում դուք գտնվում եք առաջնային գծում․ ԱՀ առողջապահության նախարարի շնորհավորանքը՝ բուժքույրերին
ԱրցախԱրցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:
«Սիրելի’ բուժքույրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Օրը լավ առիթ է վերստին երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր բուժքույրերին, ովքեր անտրտունջ և մեծ նվիրումով կատարում են մասնագիտական իրենց պարտքը։
Նոր տիպի կորոնավիրուսային վարակը ձևավորել է հանրային նոր օրակարգ ու մոտեցումներ և այսօր Դուք շարունակում եք կատարել Ձեր աշխատանքն՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նոր կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում, Դուք գտնվում եք առաջնային գծում:
Սիրելի’ բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»։