Հավանականություն կա, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի. արդյո՞ք տրանսպորտը կաշխատի
ՀասարակությունՊարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, բայց հավանականություն կա, որ կերկարաձգի, քանի որ կան որոշ հանգամանքներ, որոնք չեն վերացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հարցը դեռևս քննարկման փուլում է, բայց, եթե որոշվի երկարաձգել, ապա հնարավոր է լինի մեկ ամսով», - ասաց նա։ Անդրադառնալով տարբեր ոլորտների գործունեությանը՝ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է կրկին դրանց գործունեությունը դադարեցվի՝ Հունանյանը նշեց. «Ցանկացած խստացում և մեղմացում հիմնվում է որոշակի զարգացումների վրա: Եթե տեսնենք տվյալ ոլորտում խնդիր կա ու անհրաժեշտություն կա խստացման, ապա որոշումը կկայացվի, եթե ոչ՝ կմեղմացվի», - ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին նման ոլորտ չկա, եթե լինի որոշում՝ կտեղեկացնեն: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի գործունեությունը թույլատրելուն, ապա Պարետի մամուլի խոսնակն ասաց, որ այդ հարցը ևս ուսումնասիրվում է. «Որոշում դեռևս չկա, բայց բոլոր հարցերը, որոնք բարձրացվում են, քննարկվում են և, եթե նման որոշում լինի՝ նախօրոք կտեղեկացնեն»,- նշեց Վահան Հունանյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշում էր կայացրել մարտի 16-ին, իսկ ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին։
Սոնա Հարությունյան