Լոռու մարզի Ծաթեր գյուղում մայիսի երկուսին հովվաշունը մահացու վնասվածքներ էր հասցրել 78-ամյա կնոջը: Դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել էին ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել էր որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում կինը քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա: Կինը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել: Կնոջը շան ճիրաններից ազատել էր փեսան, որից հետո կնոջը տեղափոխել էին տուն, որտեղ էլ վերջինս մահացել էր:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը դեպքի մասին այլ մանրամասներ իմանալու համար կապ է հաստատել Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի հետ: Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կնոջ մահը դիտավորությամբ կազմակերպել է փեսան, ով էլ դիմել է ոստիկանություն:
«Շանը ինքն է տուն բերել ու բաց թողել զոքանչի վրա, հետո զանգել է ոստիկանություն, կեղծ տեղեկություն տվել,-ասում է համայնքապետն ու հավելում,- մեր բնակիչն է, ճանաչում եմ, ագրեսիվ մարդ չէ»:
Համայնքապետը նշում է նաև, որ կնոջ մայրը իրենց հետ չի ապրել, նոր էին այդ տուն բերել:
«Ընտանիքը խաղաղ է եղել, ես արտառոց դեպքեր չեմ հիշում: Խնդիրը զոքանչի հետ է եղել, դրա համար էլ այդ քայլին է դիմել: Հիմա իրեն են փնտրում ոստիկանները, բայց դեռ չեն գտնում»,- եզրափակեց Տիտանյանը:
Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով է Գ. Գևորգյանը սկզբում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է: