Թաթոյանի դեմ արշավը նպատակ ունի ավերել ՀՀ-ում եզակի կայացած ինստիտուտներից մեկը
Blogosphere«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպը խորը և անբուժելի հետք կթողնի Հայաստանի երիտասարդ պառլամենտարիզմի պատմության մեջ։ Առաջնային մանդատով օժտված միակ մարմինը բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց օրենքով ստեղծված անկախ մարմնի նկատմամբ՝ ցուցադրելով աննախադեպ քաղաքական ցինիզմ։
Գաղտնիք չէ, որ ես վերջին 15 տարիների ընթացքում մարդու իրավունքների և ժողովրդավարության կրթության ոլորտում աշխատել եմ եվրոպական բազմաթիվ կառույցների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում։ Երկկողմանի ազատ շփումների ընթացքում միջազգային հայտնի փորձագետները և ոլորտի ղեկավարները հաճախ հիշատակում էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ որպես պրոֆեսիոնալ, ոլորտի գիտակ և առավել հաջողված Մարդու իրավունքների պաշտպան։ Հատկապես շեշտվում էր նրա բարձր հանձնառությունն ու աշխատանքը 2018թ. զանգվածային ցույցերի ընթացքում և իշխանափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման գործում։
Օրգանական հեղինակությունների և ուղենշային բարձունքների դեմ պայքարը Հայաստանում սկսվել է իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ հերթով իշխանության թիրախում էին հայտնվում արդյունավետ և հարգված մարդիկ, հեղինակություն վայելող կառավարիչները, իրենց կյանքով նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրած մարդիկ ու կայացած ինստիտուտները։
Գիտակցաբար և հետևողական կերպով անապատացվում են Հայաստանի իրավական, տնտեսական, կրթական և ակադեմիական, ուժային և իրավապահ համակարգերը։
Արդեն հավատում եմ, որ այս իշխանությունների գործողությունները ծրագրավորված են Հայաստանից դուրս և նրանք ունեն կոնկրետ նպատակ. թուլացնել և կազմաքանդել Հայկական պետականությունը։