«Կամք» նախաձեռնության 3 անդամները ոստիկանությունից ազատ են արձակվել
ԻրավունքՈստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության 3 անդամներն ազատ են արձակվել։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը նախաձեռնության անդամները պատրաստվում են բողոքարկել, քանի որ ինչպես իրենք են նշում, հավաք չեն անցկացրել, պարզապես գնացել են դատարանի դիմաց՝ տեղեկանալու, թե ինչ է դատարանը որոշում իրենց գաղափարակից ընկերոջ հարցով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել էր Վահանգն Չախալյանը: Իսկ երեկ՝ մայիսի 13-ին, նախաձեռնության մի քանի անդամներ Վահագն Չախալյանը, Արթուր Արամյանը, Արամ Խանզադյանը և Աշոտ Աբրահամյանը բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային: