Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու մասին
NKԵրեկ հրապարակվել է, բայց որոշումը շատ ավելի վաղ է եղել, դիմումը շատ ավելի վաղ է գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու առաջիկա տարիներին, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից եւ մամուլը գրում է, որ նա հավակնում է արտգործնախարարի պաշտոնին։
«Պարզապես հասկանալով, որ մենք արդեն մոտենում ենք նոր խորհրդարանի անհատական կազմի ձեւավորմանը, երեկ ենք հայտարարություն տարածել, որպեսզի ավելորդ բաներ չլինեն, չնայած դրանից խուսափել չի լինում, բայց դիմումը կա, ամսաթիվը վրան գրած է։ Ովքեր հետեւել են մեր նախընտրական արշավին, վստահ եմ բոլորն էլ հիշում են, որ ես մեր բոլոր հանդիպումներին ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում ամենայն հավանականությամբ ես չեմ լինելու»,– ասաց նա։
Անդրադառնալով արտգործնախարարի պաշտոնին հավակնելու հարցին, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի հետ, բայց այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքական ուժերով հանդիպել են նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որեւէ կոնկրետ հարց չի քննարկվել առավել եւս կադրային եւ պայմանավորվել ենք, որ այդ հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21–ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»։