Պեսկովը պատմել է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով․ Коммерсант
ՌուսաստանՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Коммерсант» -ին տված հարցազրույցում ասել է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսային ինֆեկցիայով։ Ըստ Կրեմլի խոսնակի՝ նա մայիսի 1-ին արդեն ինքնամեկուսացել էր, քանի որ իր գործընկերներից մեկի մոտ ախտորոշվել էր COVID-19: Պեսկովը նշել է, որ սկզբում ախտանիշեր չուներ, բայց հետո ջերմաստիճանը սկսել է բարձրանալ` օրվա ընթացքում 37,4-ից հասնելով մինչև 37,8: Դա ուղեկցվել է մարմնի ցավերով, բայց ինքը և իր կինը՝ Տատյանա Նավկան, հույս ունեին տանը մնալով՝ լավանալ: Սակայն, երբ նրանց առողջությունը սկսել է վատթարանալ, նրանք որոշել են գնալ հիվանդանոց: «Վտանգը հենց սրա մեջ է։ Պետք չէ սպասել։ Եվ լավ է, որ մենք գնացինք հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ՝ մենք ճիշտ ժամանակին էինք գնացել», - ասել է նա: Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ գլխավորը հիվանդության զարգացման պահը բաց չթողնելն է: «Համենայն դեպս, դուք պետք է համոզվեք, որ ձեր թոքերին վտանգ չի սպառնում», - ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ ինքը չի շփվել նախագահի հետ ավելի քան մեկ ամիս: Այժմ խոսնակի պարտականությունները կատարում են նրա տեղակալը և ղեկավարությունը: