«Դատավոր Գրիգորյանի գործը վստահաբար արդարացման է գնալու, այլընտրանք չկա». փաստաբան
ԻրավունքՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:
«Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Մի քանի օր առաջ մենք միջնորդություն էինք ներկայացրել, որը քննիչը մերժել էր»,-ասաց փաստաբանը:
Մելիքյանը նշեց, որ որոշումն աբսուրդային է. «Այս գործը վստահաբար արդարացման է գնալու, այլընտրանք չկա»:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելը։ ԲԴԽ որոշմամբ՝ նրա լիազորությունները կասեցվել էին։
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և որոշում էր կայացրել ազատ արձակել Քոչարյանին՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։