Իշխանության վախը. նրանք կպարտվեին այս հանրաքվեում
ПравоՎարչապետ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսին, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ նաև ՍԴ հարցին: Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված` մոտ մեկ տարի անհնար կլինի հանրաքվե իրականացնելը, հետևաբար, իրենք դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ հարցը, մասնակի կամ ամբողջական՝ խորհրդարանի միջոցով լուծման տարբերակներ մատնանշելու խնդրանքով: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com թղթակիցը զրուցեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
«Մենք դեռ նախորդ տարվա հունիսից ենք ասում, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ վերահսկողություն սահմանել ՍԴ վրա և դա չի փոխվել: Շատ կարևոր եմ համարում, որ հավանական լուծումը համապատասխանի ՀՀ սահմանադրությանը և իրավունքի գերակայության պահանջներին: Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչպիսի փաստաթուղթ է հրապարակելու Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց նա:
Մելիքյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը կարող է օժանդակություն տրամադրել, խորհրդատվական կարծիք ներկայացնել՝ տարբեր իրավիճակների վերաբերյալ:
«Չեմ կարող ասել, թե մեր երկրից ինչ փաստաթուղթ է գնացել հանձնաժողով: Գուցե դա նախագիծ է կամ հարցեր են: Պետք է սպասել հանձնաժողովի մասնագիտական գնահատականին»,-ընդգծեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է իշխող խմբակցությունը դիմել Վենետիկի հանձնաժողով, մի՞թե դա չափազանց «համարձակ» քայլ չէ այն դեպքում, երբ նույն այդ հանձնաժողովը մի քանի անգամ բացասական կարծիքներ է հայտնել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Մելիքյանը պատասխանեց. «Այո, Վենետիկի հանձնաժողովի կողմից եղել են գնահատականներ, որոնք սթափեցնող նշանակություն ունեցան գործող իշխանությունների վրա: Ես չեմ կարող գնահատական տալ իշխող քաղաքական ուժի գործողությունների տրամաբանվածությանը»:
Անդրադարձանք նաև այն հարցին, թե հանրաքվեն չեղարկելը իրոք պայմանավորված էր կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, թե Փաշինյանի նկատմամբ վստահությունն է նվազել և գուցե պարտվեին. «Կարելի է գուցե պարտվեին արտահայտությունը օգտագործել՝ մինչև կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Մենք ունեինք վստահություն, որ իշխանությունը չունի 650 հազար ընտրող, ովքեր կողմ են իրենց նախագծին: Մենք այդ վստահությունն ունեինք դեռևս փետրվարին-մարտին: Իշխանությունները, հատկապես, վերջնական փուլում, ստիպված եղան, ըստ էության, նենգափոխել հանրաքվեին ներկայացված հարցը, և հանրաքվեին ներկայացված հարցը փոխելով՝ մարդկանց առաջադրել այլ հարցեր, օրինակ՝ Այո ասել, ոչ թե սահմանադրական փոփոխություներին, այլ՝ հեղափոխությունը»:
Ըստ Մելիքյանի՝ այս ամենի պատճառն այն էր, որ իշխանությունները ևս հասկանում էին, որ այդ հանրաքվեն մարդկանց հետաքրքիր լինել չի կարող, անգամ մինչև կորոնավիրուսը, մարդկանց խնդիրների թվում ՍԴ հարցը հաստատ առաջին տասնյակում չէր:
«Իսկ հիմա, միանշանակ և աներկբա իշխանությունները գլխահատակ կպարտվեին ցանկացած հանրաքվեում: Ընդ որում, պետք է նշել, որ նրանք իրավական ճանապարհ պետք է գտնեն հանրաքվեն չեղարկելու համար, որովհետև հանրաքվեն, ըստ օրենքի, պետք է վերանշանակվի ՀՀ նախագահի կողմից, երբ ավարտվի արտակարգ դրությունը և պատճառներից մեկը, որ արտակարգ դրությունը երկարաձգվեց, վստահ ենք, որ արվեց հանրաքվեի հարցը լուծելու համար է»,-նշեց նա:
Մելիքյանի խոսքով, ժամանակային տեսակետից համընկնումը ևս պատահական չէ, երբ երկարացնում են արտակարգ դրությունը և անմիջապես դիմում Վենետիկի հանձնաժողով. «Բացառված չէ, որ նրանք դիմել են հանձնաժողով՝ իրավական խորհրդատվություն խնդրելով՝ թե ինչպես է հնարավոր ձերբազատվել իրենց իսկ ստեղծած այս հակասահմանադրական հանրաքվեից»:
Լուսինե Մարդոյան