Կորոնավիրուսը որևէ ձևով չի ազդել Ադրբեջանի պահվածքի վրա․ Դավիթ Բաբայան
NKՍահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ նորմալ է, նույն հակառակորդն է, նույն նպատակները, արտառոց բան չկա։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ հակառակորդն ակտիվացե՞լ է, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը որևէ ձևով չի ազդել Ադրբեջանի պահվածքի վրա. «Չի բացառվում, որ Ադրբեջանը հետագայում որպես կենսաբանական զենք օգտագործի մեր դեմ, այսինքն՝ վիրուսներ տարածի: Այսպիսի բաներ սպասվում է այդ երկրից, դրա համար մենք պետք է մեր անվտանգության հայեցկարգ մշակենք, որը դժբախտաբար առայժմ չունենք, և այնտեղ համապարփակ կերպով ընդգրկենք նոր մարտահրավերներ, որը ոչ միայն կորոնավիրուսն է, այլ նաև կենսաբանական զենքի վիրուսների հնարավոր կիրառումը մեր երկրի դեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հակառակորդը երբեք չի վերանայում իր ռազմավարությունն ու մարտավարությունը: Բաբայանի խոսքով՝ սահմանին այս պահին տարօրինակ որևէ զարգացում չկա, սակայն պետք է պատրաստ լինենք, որ հակառակորդը կարող է ամենաանսպասելի պահին դիմել արկածախնդիր քայլերի:
Սոնա Հարությունյան