Լանսարոտի կոնվենցիայով մեզ կարող են ստիպել սեռական դաստիարակություն առարկա ուսուցանել դպրոցում. Ալեքսանդր Կոչուբաև
SocietyՆախորդ շաբաթ ԱԺ-ն վավերացրեց Լանսարոտի կոնվենցիան, որին անմիջապես հաջորդեցին հանրային տարբեր կարծիքներ՝ կոնվենցիայի վերաբերյալ: Մի մասը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է երեխաներին Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, մյուսների խոսքով՝ դա հող է նախապատրաստում դպրոցներում սեռական դաստիարակություն սկսելու համար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ պարզելու, թե որն է ճշմարտությունը և կոնվենցիայի վավերացմամբ՝ Հայաստանը ինչ իրավական պարտավորություններ է ստանձնում:
«Ճշմարտությունն այդ երկու բևեռների մեջտեղում է, քանի որ կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի մասին է և սեռական կրթությանը վերաբերող դրույթներ է պարունակում: Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի շրջանակում ընդունված «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին» է, որը հիմնականում վերաբերում է քրեաիրավական դաշտին, միջազգային համագործակցությանը, նաև մանկապղծության կանխարգելում»,-ասաց նա:
Կոչուբաևի խոսքով՝ միակ կետը, որը կոնվենցիայում խնդրահարուց է՝ կապված է 6-րդ հոդվածի հետ. «Հայաստանի Հանրապետությունը ունի հանձնառություն՝ ձեռնարկելու օրենսդրական և այլ միջոցառումներ, որպեսզի երեխաներին իրազեկեն սեռական շահագործման և սեռական բռնությունների վտանգների մասին: Ընդ որում, այդ նորմը ունի մի քանի կարգավորում, օրինակ՝ դա կարող է արվել ընտանիքների միջոցով կամ օրեսդրական միջոցներով: Ամբողջ խնդիրը հենց օրեսդրական միջոցների կիրառումն է, երբ երեխաներին պետք է իրազեկենք բռնության և սեռական շահագործման մասին, սակայն մինչ դա՝ երեխային պետք է բացատրենք, թե առհասարակ ինչ է սեռական ակտը: Ընդ որում, իրազեկման թիրախները տարրական և միջնակարգ դպրոցների երեխաներն են»:
Փաստաբանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ռազմավարություն, մոդել և ստանդարտ ՀՀ-ը կկիրառի այդ իրազեկման աշխատանքներն իրականացնելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ միջազգային առումով արդեն իսկ առկա է ընդունված չափանիշ, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված «Սեռական կրթությունը Եվրոպայում» վերնագրով փաստաթուղթը: Այնտեղ մանրամասն նկարագրված են սեռական ոլորտին առնչվող բոլոր հասկացությունները, այդ թվում՝ գենդերային հարցեր, սեռական ակտ, սեռական բռնություն և այլ: Եվ ըստ տարիքային ցենզերի՝ սահմանված է, թե որ տարիքում, երեխային ինչ պետք է սովորեցնել: Ցավոք, այստեղ կան այլասերվածության հասնող միտումներ: 6-9 տարեկան երեխան պետք է ստանա գիտելիքներ ինքնաբավարարման, գենդերային ինքնության, սեռական ակտի մասին»:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում առիթներ է ունեցել զրուցելու բժիշկ-սեքսոլոգների հետ, ովքեր պնդում են, որ երեխաները մինչև 9 տարեկան սեքսուալության հատկանիշով օժտված չեն, այսինքն՝ գիտելիքներ նրանց պետք չեն:
«Կոնվենցիայի հետ կապված միակ մտավախությունն այն է, որ ստեղծվելու է միջանցք, որպեսզի այս միջազգային ստանդարտ համարվող դրույթները ներմուծվեն մեր կրթական համակարգ: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել և մեղադրել իշխանությանը, որ ստանդարտները կկիրառվեն, սակայն այս կոնվենցիայով ստեղծվում է իրավական հնարավորություն: Մենք ապահովագրված չենք, որ կոնվենցիան ի վերջո մեզ չի պարտադրի ընդունել ստանդարտները: Վավերացումից հետո եվրոպական հաստատությունների կողմից մոնիթորիգներ կանցկացվեն, և, եթե ՀՀ-ն մասամբ կատարի իր պարտավորվածությունները, ապա միջազգային կառույցները՝ իրավական գործիքակազմի կիրառմամբ, կարող են ստիպել, որպեսզի ֆորմալ կրթական մակարդակում ունենաք սեռական դաստիարակություն առարկան դպրոցում»,-ընդգծեց նա: