Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը կապված է նաեւ պարոն Խաչատուրովի չգալու հետ․ Անդրանիկ Քոչարյան
PoliticalԱյս պահին շարունակում է մնալ մեկ կարեւոր անձնավորության խնդիրը, որը մինչեւ ամսի 4-ը ժամանակ ունի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու. դա գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը երկրորդ անգամ հրավիրվել քննիչ հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Բնականաբար, նաեւ պարոն Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը կապված է նաեւ պարոն Խաչատուրովի չգալու հետ»:
«Մենք այլեւս հրավեր չենք ուղարկելու, ես ձեր միջոցով ասում եմ եւ պարոն Խաչատուրովը գիտի, որ պետք է գա: Ոչ միայն ինքը գիտի, այլ նաեւ իր ընտանիքի անդամները, ընկերները, մարտական ընկերները, որոնք եղել են հանձնաժողովում: Իրենք էլ գտնում են, որ ճիշտ կլիներ, որ Խաչատուրովը մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, առավել եւս, որ ինքը անկաշկանդ «5-րդ ալիքի» պատրաստած ֆիլմում պատմում է դրվագներ, նույն դրվագները գար հանձնաժողովում պատմեր, որ եթե մեզ մոտ հարցեր լինեին, տայինք, իսկ ես կարծում եմ՝ այդ ֆիլմից հետո մեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջացել»,-ասաց նա: