««Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումների հիանալի մարզավիճակով»․ Զիդան. France Presse
Սպորտ«Ռեալի» ֆուտբոլիստները կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պարտադրված դադարից հետո մարզումներին վերադարձել են հիանալի մարզավիճակով, ասաց իսպանական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Իսպանական ֆուտբոլային մրցաշրջանն ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Կիրակի օրը Իսպանիայի լիգայի ղեկավարությունը ակումբներին թույլ տվեց մարզումներ անցկացնել մինչև 10 հոգանոց խմբերով: «Խաղացողները տանը մնալով՝ լավ աշխատանք են կատարել, նրանք այժմ վերադարձել են հիանալի մարզավիճակում: Այս շաբաթ հիանալի աշխատեցինք։ Նույնիսկ փոքր խմբերով աշխատելով՝ մենք կարող ենք առաջ շարժվել։ Իսկ հաջորդ շաբաթը ավելի լավը կլինի: Գրեթե 60 օր անց բոլորը ուրախ են, որ վերադառնում են այստեղ։ Ֆուտբոլ խաղալն այն է, ինչ նրանք բոլորն էլ սիրում են», - Զիդանի խոսքերը մեջբերում է France Presse գործակալությունը: «Ռեալը» 27 խաղից հետո Իսպանիայի առաջնությունում 2-րդ տեղն է գրավել՝ երկու միավորով զիջելով «Բարսելոնային»: