Արդարադատության իրականացում անտեսանելի ձեռքի միջոցով. Ռուդոլֆ Հակոբյան
ПравоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին տեղի ունեցած դատական նիստում դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ որոշել է «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն ընդդեմ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի և «Ալզաս» ՍՊԸ-ի գործը տեղափոխել Սնանկության դատարան: Նշենք, որ «ԱրմՍվիսԲանկ»-ի հիմնադիրն ու սեփականատերը «Արարատ» ակումբի սեփականատեր, գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշն է: ԼՈՒՐԵՐ.com–ի հետ զրույցում «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը նշեց՝ այս որոշումը կարող էր կայացվել դեռևս մեկ տարի առաջ՝ հունիսի 5-ին, երբ Գաբրիելյանը նոր էր նշանակվել սույն գործով դատավոր. «Գրեթե մեկ տարի տևող դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառներով: Կարծում եմ՝ մեր ներկայացրած ապացույցների ճնշման տակ դատավորը հասկացել է, որ չկան հակաապացույցներ, որն ինչ-որ անտեսանելի ձեռքի միջոցով էր ուղղորդում, որոշում կայացրեց ուղարկել Սնանկության դատարան: Պարզ է, որ դատավորը կոպիտ խախտումներ է արել, ինչը կապված է մի քանի հանգամանքի հետ. նախ` մայիսի 1-ին Սրմաքեշի ընկերներից մեկը հայտարարեց, որ իրենք աշխատում են մի ծրագրի վրա և պատրաստվում են 100 մլն դոլար ներդնել, որպեսզի Հայաստանում արտագաղթը կանգնեցնեն, բացի այդ, Սրմաքեշը հանդիպումներ է ունենում երկրի առաջին դեմքերի հետ և խոստումներ շռայլում: Բնակնաբար սրանք ազդեցություն են ունեցել դատaվորի ընդունած որոշման վրա»,- ասաց Հակոբյանը: Ինչ վերաբերում է իր ընկերությանը սնանկ ճանաչելուն, ապա Հակոբյանը գտնում է, որ դա օրենքի կոպտագույն խախտումով է իրականացվել. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում ասվում է՝ եթե այլ դատարանում ընթանում է գործընթաց և դրանք միմյանց հետ փոխկապակցված են, ապա դատարանն իրավունք չուներ սնանկ ճանաչելու, որովհետև մյուս դատարանում մենք հակընդդեմ հայց ունենք ներկայացրած 4 միլիարդ դրամի պահանջով և բացառված չէ, որ կարող ենք դատը շահել: Հետևաբար, պարտապանից կարող ենք փոխակերպվել վճարող կազմակերպության»,- նշեց նա՝ ավելացնելով դատարանն իրենց ապօրինի ձևով ճանաչել է սնանկ: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Ռուդոլֆ Հակոբյանն ասել էր, որ Սրմաքեշի հիմնադրած բանկը կործանել է իր արտադրական ձեռնարկությունը, որը Հայաստանում առաջինն էր որպես պրոֆայլեր՝ եվրոպական արտադրության դռների և լուսամուտների համար կոնստրուկցիաներ արտադրող ընկերություն և դատարանում շուրջ 5 տարի ընթացող գործը չի ավարտվում, քանի որ Սրմաքեշը փորձում է ազդել դատական գործընթացի վրա: