Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ
ԻրավունքԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ վիճարկելով դրա անգործությունը՝ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը կազմակերպելու որոշում չկայացնելու առումով: Այդ մասին տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Դատարան ենք դիմել ավելի շատ իրավունքի խախտումը արձանագրելու և ՄԻԵԴ դիմելու համար»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ իրենք ներկայացրել են Գրիգորյանի էպիկրիզը եւ խնդրել, որ եզրակացություն տան, թե հնարավո՞ր է, որ այստեղ բուժում կազմակերպեն, եթե չէ, ապա թույլատրեն, որ մեկնի արտասահման:
Փաստաբանը նշեց, որ նրանք մի անգամ իրենց պատասխանել են, որ հարցը նրանց իրավասության ներքո չէ եւ պետք է դիմեն արդարադատության նախարարություն։
«Արդարադատության նախարարությունից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք անելիք չունեն, քանի որ անձը կալանավորված չէ, եւ հարցը պետք է լուծի առողջապահության նախարարությունը», -ասաց Բաղդասարյանը։