Ստուգումներ` երկաթուղային տրանսպորտում․ հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ
Society2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտում, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Մասնավորապես՝ վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։
2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են, բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։
Հավելենք, որ մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։