The Washington Post պարբերականը Ադրբեջանի հայատյացության մասին հոդվածներ է հրապարակել
ИностранныйԱմերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ The Washington Post֊ը մայիսի 25-ին հրապարակել է ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեսթրուկի քաղաքային խորհրդի անդամ և Բաքվի ջարդերից փրկված Աննա Աստվածատուրյան Տուրկոտի «Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները» հոդվածը: Հոդվածում Աննա Աստվածատուրյանն ասում է, որ ինքը ծնվել է Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմենովը մայիսի 19-ին The Washington Post-ում հրապարակած իր՝ «Պանդեմիան ընդգծում է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանահայկական հակամարտության երկարատև բնույթը» հոդվածում բոլորովին այլ՝ իրականությունից հեռու Ադրբեջանի մասին է խոսում։ «Երեսուն տարի առաջ 350 000 հայեր ապրում էին Ադրբեջանում, և նրանցից շատերը սպանվել, խեղվել և / կամ բռնաբարության են ենթարկվել: Բոլորը աքսորվեցին: Որպես Մայնում հպարտ ամերիկացի և ընտրված պաշտոնյա՝ ես ապրում և շնչում եմ այս երկրի օրենքներով, ուստի ես կտրականապես մերժում եմ պարոն Սուլեյմենովի բացահայտ սուտը, հակահայկականությունը և անամոթ քարոզչությունը»:
Նախորդ օրը՝ մայիսի 24-ին, The Washington Post֊ը հրապարակել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանի «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» հոդվածը։ Հոդվածի հեղինակը անդրադառնում է Ռոյս-Էնգելի առաջարկած հրադադարի մեխանիզմներին և հայտնում, որ Հայաստանը լիովին սատարում է դրան։ «Ադրբեջանը վախենում է հաշվի նստել հրադադարի ռեժիմի իր խախտումների հետ և պատասխան տալ դրանց համար։ Այդ է պատճառը, որ նա կանխում է խելամիտ միջոցառումների ներմուծումը, որը պետք է թափանցիկություն ապահովի երկու երկրների փոխհարաբերությունների մեջ»․- ասվում է Արամ Համփարյանի հոդվածում։