Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի սոդայով քաղցկեղ բուժելու մասին․ ֆեյսբուքյան «խայթոցներ»՝ Թորոսյանի և Գորգիսյանի միջև
BlogosphereՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ԱԺ-ում ունեցած այսօրվա այն ելույթին, որ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից, գրել է․
«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»:
Ի պատասխան Արսեն Թորոսյանի՝ Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ։
Չգիտեմ պարոն Թորոսյանն ինչ արագությամբ է կարողանում իր փաստարկներն ու տեսակետները փոխել և ինչով է դա պայմանավորված, բայց մի բան հստակ է, քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում համավարակին միմիայն նախարարի և վարչապետի օրըստօրե փոփոխվող մոտեցումների անլրջության պատճառով»։