Գավառում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է
ՀասարակությունՄայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ, և հաղորդումից մեկ օր անց բնակարանային գողությունը բացահայտվեց:
Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Գավառի բաժին և ոչ միայն խոստովանեցին կատարածը, այլև ներկայացրին գողոնի մի մասը:
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ մայիսի սկզբին նրանք ննջասենյակի պատուհանից մտել էին Պռոշյան փողոցի տներից մեկը, գողացել արհեստագործական գործիքներ, ջրի պոմպ, կենցաղային իրեր ու խմիչք: Օրեր անց դարձյալ պատուհանից մտել էին Նալբանդյան փողոցի մի տուն, էլեկտրական շարժիչ և կենցաղային իրեր հափշտակել:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: