Ո՞նց վերադառնանք Հայաստան, երբ հյուպատոսարանն ու դեսպանատունը չեն աշխատում․ ՀՀ քաղաքացի
SocietyՇաբաթներ շարունակ Ռուսաստանում ապրող ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի Դաշնությունում գործող հյուպատոսության և դեսպանատան հետ։ Քաղաքացիների անձնագրերի վավերացման ժամկետներն ավարտվում են, իսկ նրանց հեռախոսազանգերն ու օնլայն դիմումները մնում են անպատասխան։ ՌԴ Սամառա քաղաքում բնակվող Արսեն Մնացականյանի հետ խնդրի մասին զրուցել է ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը։ Նա, կինն ու երեխան ՀՀ քաղաքացիներ են, մի քանի տարի է՝ ապրում են Ռուսաստանում։ Կնոջ ու երեխայի անձնագրերի վավերացման կնիքներն ավարտվում են շուտով, երկարացնելու համար դիմել են Դոնի Ռոստովի հյուպատոսարան և Մոսկվայի դեսպանատուն, սակայն չեն ստացել ոչ մի պատասխան։
«Մեկ շաբաթից ավել էր՝ ամեն օր առավոտից երեկո փորձել ենք կապ հաստատել դեսպանատան ու հյուպատոսարանի հետ, սակայն ոչ մի կերպ չի ստացվել։ Փորձել ենք նաև օնլայն տարբերակը, մեկ շաբաթ առաջ ուղարկել եմ անձնագրերի պատճենները, կրկին ոչ մի պատասխան։ Զանգահարել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական բաժին, որտեղից մեզ փոխանցում են ինչ-որ հեռախոսահամարներ, դրանց ևս զանգահարում ենք առավոտից երեկո։ Ուրիշ ոչինչ չեն արել, որ մեզ անորոշությունից հանեն»,- ասում է ՀՀ քաղաքացին և հավելում, որ այս խնդիրը միայն իր ընտանիքի մոտ չէ, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ նույն իրավիճակում են հայտնվել։
«Շատերին անձամբ եմ ճանաչում, նույն քաղաքում ենք բնակվում, բոլորս ամեն կերպ փորձել ենք հարցը լուծել։ Օտար երկրում ենք ապրում, մեր ձայնն ո՞վ պիտի լսի, ինչո՞ւ ոչ ոք չի օգնում մեզ կարգավորել մեր խնդիրը։ Առավոտից երեկո միայն ասում են վերադարձեք հայրենիք, պիտի հյուպատոսարանն ու դեսպանատունը աշխատեն, որ կարողանանք վերադառնալ»,-նշում է Մնացականյանն ու ավելացնում,-«Գալ-գնալն էլ, եթե մի կողմ թողնենք, միևնույնն է, իրենք ՌԴ-ում են բնակվում և իրենց ամեն տարի հարկավոր է ստանալ Ռուսաստանի էմիգրացիոն ծառայության գրանցումը, իսկ դա առանց անձնագրի վավերացման կնիքի հնարավոր չէ»։
Հիշեցնենք, որ Սամառա-Երևան ամենշաբաթյա թռիչքները կվերաբացվեն հունիսի 10-ից։