Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
ОбществоԵթե Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն օգնության խնդրանքով դիմի Վրաստանի գործընկերներին, նրանք կստանան այն, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ավելի վաղ ասել էր, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին: Նախարարը նաև նշել էր, որ Հայաստանը թափանցիկ է ներկայացնում իր վիճակագրությունը՝ կասկածի տակ դնելով Վրաստանում վարակակիրների հաշվարկման մեթոդաբանությունը:
«Ինչպես գիտեք, մի շաբաթ առաջ մի փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել: Մենք եղբայր ժողովուրդներ ենք, մենք միշտ սատարում ենք միմյանց, և մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Եթե Հայաստանի կենտրոնը մեզ ուղղված հարց բարձրացնի, որ իրենք օգնության կարիք ունեն, ապա պատրաստ ենք մեր իրավասության շրջանակներում անել ամեն ինչ՝ կապված թեստավորման կամ այլ հարցերի հետ», - ասել է Գամկրելիձեն:
Գամկրելիձեն նաև պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Վրաստանը պատրաստ է ընդունել կորոնավիրուսով հիվանդների:
«Ինչ վերաբերում է բուժման գործընթացին, եթե այսօր Հայաստանին պետք է այդ օգնությունը, ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը չեն մերժի և կձեռնարկեն բոլոր ջանքերը: Նախ և առաջ, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը, և ես վստահ եմ, որ Վրաստանը կլուծի այն: Ինչպես գիտեք, վրացիները առաջինն էին, որ օգնության էին եկել Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք», - պատասխանել է Գամկրելիձեն:
Ըստ Գամկրելիձեի՝ Վրաստանը և Հայաստանը առողջության պահպանման ոլորտում համագործակցության լավ փորձ ունեն:
Նշենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 3-ով և հասել 738-ի: Եվս 16-ն ապաքինվել են։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 573 է: