Պորոշենկոն չի ներկայացել Բայդենի հետ գաղտնալսման գործով հարցաքննությանը․ Ռիա Նովոստի
RightՈւկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ուրբաթ օրը չի ներկայացել հարցաքննության Հետաքննությունների պետական բյուրո, որը քննում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ Պորոշենկոյի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուկրաինայի Հետաքննության պետական բյուրոն պլանավորել էր մայիսի 29-ին հարցաքննել Պորոշենկոյին՝ Բայդենի հետ նրա հեռախոսազրույցի գաղտնալսման գործով: Նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովան հինգշաբթի ասել էր, որ իր պաշտպանյալը չի ներկայանալու հարցաքննության, քանի որ իրենք պատշաճ տեղեկացված չեն: Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Հետաքննությունների պետական բյուրոն գործ է հարուցել Պորոշենկոյի և Բայդենի խոսակցությունը գաղտնալսելու պատճառով: Մասնավորապես, հրապարակվել է նախաքննությունների միասնական ռեգիստրից քաղվածք, որում նշվում է, որ տեղեկատվության ստացման տեխնիկական միջոցների ապօրինի օգտագործումը կարող է վնաս հասցնել հասարակության հետաքրքրությանը: