Այս տուգանքները միտում ունեն քաղաքացիների միջոցների հաշվին լցնել պետական բյուջեն. Սերգեյ Սաժումյան
BlogosphereՖեյսբուքյան օգտատեր Սերգեյ Սաժումյանն իր էջում գրում է.
«Այսօր տուգանվել եմ, սակայն այդ տուգանքի օրինականության վրա խստիվ կասկածում եմ:
Հարցը կայանում է նրանում, որ ՀՀ Պարետի 25.05.2020 թվականի թիվ 92 որոշման համաձայն՝ «Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման 5-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակը կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր»:
Հիմա մեջբերում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հաստատված հանգամանքի շարադրանքը. «Վարորդը անձնական մարդատար ավտոմոբիլով ուղևորի առկայությամբ դիմակը կրում էր ձեռքին»:
Ըստ ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի կատարել եմ արարք նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածով:
Ես՝ որպես օրինապաշտ վարորդ և օրինապաշտ քաղաքացի, կատարել եմ ՀՀ Պարետի վերը նշված որոշման պահանջները, քանի որ որոշման մեջ հստակ ասվում է՝ պետք է կրել դիմակ, ինչը ես արել եմ (տե՛ս՝ ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոսռիկանություն» ծառայության վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հաստատված հանգամանքի շարադրանքը):
Հետևաբար կարծում եմ, որ այս տուգանքները միտում ունեն քաղաքացիների միջոցների հաշվին լցնել պետական բյուջեն, քանի որ անօրեն գործունեության արդյունքում քաղաքացիները դարձել են տուգանվելու մատերիալ (հումք):
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Ոստիկանությունը՝ հանձինս ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանի, կարգ ու կանոնը պահելու փոխարեն զբաղվում է շոուներով:
Ի դեպ հիշենք մեր ԱՀԱՎՈՐ ԽԵԼԱՑԻ ՀՀ առողջապահության նախարար Ա.Թորոսյանի մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կատարած հայտարարությունը. «Սովորական դիմակները շնչելիս վիրուսից չեն պաշտպանում: Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը»։
Այսպիով, պատրաստվում եմ երկուշաբթի բողոքարկել ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության 30.05.2020 թվականի թիվ 00244-9 որոշումը»: