Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը կտրուկ վատացել է
SocietyԾեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա հայրը:
«Տղուս վիճակը շատ վատ է: Ճնշումն էնքան է ընկել, որ չեն կարողանում կարգավորել վիճակը: Ճնշումը իջել է 80-50, հազիվ կհանեն, կհասցնեն 90-100: Միակ հույսս էն է, որ ավելի չիջնի ճնշումը, հանկարծ վիճակը անվերահսկելի չդառնա»,-նշում է Մխիթարյանի հայրը:
Անդրադարձանք հիվանդանոցի՝ որոշ ժամանակ առաջ Արա Մխիթարյանի հարազատներին արած առաջարկությանը, որով նրանց խորհուրդ էին տվել Արային տանել տուն և տան պայմաններում շարունակել բուժումը: Մխիթարյանի հայրն ասաց, որ որդու վիճակը այնքան վատ է, որ որևէ տեղ տեղափոխելու մասին խոսք անգամ չի կարող լինել:
«Իրենք մեզ ասում էին՝ ընտանեկան միջավայրը կարող է լավ անդրադառնալ որդուս վիճակի համար, էն էլ շաբաթներ չանցան, ու հիմա նման առաջարկի համար դատի կարող ենք տալ մեկս մյուսիս, և ես՝ իրենց, և իրենք՝ ինձ»,-եզրափակեց Մխիթարյանի հայրը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը: