Կարծում եմ՝ ծնողներն են կազմակերպել այդ միջոցառումը. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
ՀասարակությունՇենգավիթ վարչական շրջանում երեկ թաղապետարանի կողմից կազմակերպված որևէ միջոցառում չի իրականացվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
«Մենք չէինք կազմակերպել այդ միջոցառումը, ավելին՝ վարչական շրջանի այգիներում կասեցվել են խաղային ատրակցիոնների գործունեությունը: Այգիներում եղել է վերահսկողություն, որպեսզի մարդկային կուտակումեր չլինեն, բայց ոչ բակային հատվածներում»,- հայտնեց նա:
Մկրտչյանի խոսքով, 3 ամսից ավել է վարչական շրջանում որևէ տոնական միջոցառումներ չեն կազմակերպվում. «Ես կարծում եմ, որ երեկ ծնողներն են կազմակերպել այդ միջոցառումը: Չեմ կարծում, որ ծնողներից բացի որևէ մեկը նման բան կազմակերպեր»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որը մանկական միջոցառումից հատված էր: Տեսանյութին կից Փաշինյանը գրել է, որ այն նկարահանվել է երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Վարչապետն այդ ամենը որակել է որպես ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում և նշել, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով: