Ավիացիոն անվտանգության գործակալության որոշումը լուրջ ապտակ է երկրի հեղինակությանը. կարծիք
ОбществоԵրեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) սև ցուցակում: Այսինքն՝ արգելվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։ Ինչ հետևանքներ կունենա Ավիացիոն անվտանգության գործակալության այս որոշումը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանից:
«Այո, չվերթներն արգելվում են: Կա գրանցված հայկական 6 ավիաընկերություն, որից, օրինակ, «Արմենիա» ընկերությունը թռիչքներ էր իրականացնում Լիոն: Հիմա այդ չվերթներն այլևս անհնար է իրականցնել: Խնդիրն այն է, որ երկրի համար ամենակարևոր ավիացիոն կառույցը, որը ի պաշտոնե պետք է հետևի թռիչքային անվտանգության վերահսկողությանը, փաստացի չի անցնում միջազգային կազմակերպության կողմից սահմանված անվտանգության աուդիտը: Սա լուրջ ապտակ է երկրի հեղինակությանը, այսինքն՝ դուք պետություն եք, որը չի կարողանում հետևել անվտանգության սահմանված կանոններին: Այս ոլորտում աշխատող ցանկացած ոք գիտե, որ այստեղ անվտանգությունն ամենակարևոր գործոնն է: Ամենակարևորը ոչ այնքան մեկ կամ մի քանի ավիաընկերությունների թռիչքներ իրականացնելու արգելքն է, այլ՝ երկրի հեղինակությունը»,- ասաց նա:
Փորձագետը նշեց, որ երեկ Ավիացիոն անվտանգության գործակալության հրապարակած սև ցուցակը հաղորդագրություն է աշխարհի խոշոր ավիացիոն ընկերություններին առ այն, որ այդ ընկերությունները առավել ուշադիր լինեն Հայաստանին օդանավեր տրամադրելու հարցում:
«Հայաստանին վարձակալությամբ օդանավ տրամադրելը ևս կարող ենք արդեն բացառել, քանի որ նման բոլոր ընկերություններն ունեն ռիսկի դեպարտամենտներ, որոնք որոշում են, թե որ երկրին օդանավ տրամադրեն՝ ելնելով անվտանգության պահպանման կարևորությունից: Երեկվա սև թուղթը հասանելի է օդանավերի բոլոր վարձակալներին, և նրանք արդեն գիտեն, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ թիվ մեկ ավիացիոն կառույցն ի վիճակի չէ վերահսկել թռիչքային անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հնարավոր է նոր օդանավ գնելը, թեպետ գները տատանվում են 20-40 միլիոն դոլարի սահմանում և քիչ հավանական է, որ այդպես կլինի:
Նա նաև ասաց, որ ՀՀ-ն, աուդիտը չանցնելով, արդեն հնարավոր չէ նոր ավիափոխադրող ստեղծել մեր երկրում և շահագործել, որովհետև նվազագույնը՝ օդանավ բերելը, անհնար է:
«Թեպետ նորից լիցենզիա ստանալու համար պետք է համարժեք աշխատանքներ իրականացվեն: Նախ նոր թիմ, որտեղ կլինեն ավիացիոն ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր կկարողանան շտկել բոլոր թերացումները: Ապա նորից դիմել միջազգային կառույցին, որպեսզի նրանք աուդիտ իրականացնելու օր և ժամ ներկայացնեն: Գուցե իշխանությունները կամք դրսևորեն և հրավիրեն մարդկանց, ում մի տարի առաջ աշխատանքից ազատել են և բերել նոր մարդկանց՝ երիտասարդների, ովքեր անգլերենից բացի ոչինչ չգիտեն, ավիացիա չգիտեն: Հարկ է նշել, որ հին աշխատողները այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց աշխատանքային հմտությունները»,- զրույցն ամփոփելով՝ նշեց փորձագետը:
Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Վերջինս նշել է, որ եվրոպական կառույցի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և ՀՀ-ԵՄ ուղղություններով չվերթներ իրականացնելու վրա: