Երեկ Արցախում մահացած զինծառայողը տան փոքրն էր
ОбществоԵրեկ Արցախում մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանը Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից էր։ Համայնքապետ Սարիբեկ Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Ղուլյանը դպրոցն ավարտելուն պես՝ զորակոչվել էր բանակ:
«Արդեն 6 ամիս է՝ ինչ ծառայում էր: Սարգիսը տան փոքրն էր, ունի քույր և եղբայր։ Եղբայրն արդեն ծառայել էր, քույրն էլ ավարտել է Տնտեսագիտական համալսարանը»,- ասաց Կարապետյանը։
Համայնքապետը նշեց, որ մահացած զինվորը շատ լավ ընտանիքից էր. «Համեստ ու աշխատասեր ծնողներ ունի, ովքեր զբաղվում են իրենց տնամերձ հողամասը մշակելով: Խելացի, համեստ տղա էր»:
Հիշեցնենք, որ երեկ՝ 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Եվս 6 զինծառայող մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։