Արտաշատի համայնքապետը չկատարեց խոստումը. մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերի կեսն է վճարել
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը մանկապարտեզների աշխատակիցներին վճարում է աշխատավարձերի գրեթե կեսի չափով, իսկ հուլիս ամսին ուղարկում է հարկադիր պարապուրդի: Մեր այս հրապարակումից հետո համայնքապետարանը պարզաբանեց՝ թեև նախադպրոցական կազմակերպությունները մարտ և ապրիլ ամիսներին հանրապետությունում նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գտնվել են հարկադիր պարապուրդում, սակայն աշխատակիցները վճարվել են աշխատավարձի 100 %-ի չափով, իսկ հունիսի 1-ից անորոշ ժամանակով երկարաձգվել է աշխատանքի դադարեցումը, սակայն այս ժամանակահատվածի համար աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի դիմաց: Նկատենք, որ այստեղ որևէ խոսք չկար մայիս ամսին վճարվելիք կես աշխատավարձի մասին: Չնայած պարզաբանման մեջ ասվածին, պարզվում է քաղաքապետը մնացել է անդրդվելի և աշխատակիցներին վճարել է աշխատավարձի կեսի չափով: Այս մասին է վկայում մանկապարտեզների աշխատակիցների կողմից ԼՈՒՐԵՐ․com-ին տրամադրված կտրոնը, որտեղ երևում է, որ 40 000 դրամի փոխարեն, ստացել են ընդամենը 26, 500 դրամ:
Օրեր շարունակ Արտաշատի համայնքապետարանում ԼՈՒՐԵՐ․com-ի զանգերից խուսափելուց հետո ի վերջո մեզ հաջողվեց զրուցել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը. «Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները գնացին հարկադիր պարապուրդ՝ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի համաձայն: Ըստ դրա, եթե գործատուն չի կարողանում ապահովել անվտանգ միջավայր աշխատակցի համար, ապա աշխատակիցը գնում է հարկադիր պարապուրդ և ստանում է աշխատավարձի 2/3-ի չափով: Մարտ և ապրիլ ամիսներին մանկապարտեզի աշխատակիցները օրենքով պետք է ստանային իրենց աշխատավարձի 66%-ի չափով, բայց հաշվի առնելով երկրում ստեղծած ճգնաժամանային իրավիճակը՝ համայնքապետարանն իրեն նեղություն տալով աշխատակիցներին վճարեց աշխատավարձերի 100%-ի չափով, ինչն աննախադեպ է, և օրենքը չի պարտադրում, հատկապես, երբ մարդը չի աշխատում և կոպիտ ասած տանը նստած գումար է ստանում: Սակայն ֆինանսական վիճակի սղության պատճառով որոշվեց աշխատանքային օրենքով մայիս ամսին վճարել աշխատավարձի 2/3-ի չափով»: Մեր դիտարկմանը՝ հաշվի չի՞ առնվում այն փաստը, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը նվազագույն աշխատավարձի գրեթե կեսն են, Գոլեցյանը նշեց, թե դա արդեն հարցի մյուս կողմն է: Ինչ վերաբերում է հուլիս ամսին աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելու տեղեկությանը, ապա Գոլեցյանն ասաց, որ դա ոչ թե պարտադրանք է եղել, այլ առաջարկ, որը աշխատակիցների «օգտին է». նրանք կվճարվեն աշխատավարձի 100%-ի չափով: Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյանի այս պատասխանից կարելի է ենթադրել, որ համայնքապետարանը առաջիկայում ևս պատրաստվում է աշխատակիցներին վճարել աշխատավարձի կեսի չափով և սա այն դեպքում, երբ նրանք չեն կարող օգտվել կառավարության աջակցության որևէ ծրագրից: Ի դեպ, մանկապարտեզի աշխատակիցներին չվճարելը Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի մոտ սովորություն է, այդ մասին են վկայում նախկինում մամուլում եղած հրապարակումները, երբ նա չէր փոխանցել Արտաշատի թիվ 4 և թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը: Այդ շրջանում Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում էին ավագանու նիստերը՝ պահանջելով ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս այդպես էլ տեղի չտվեց և շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը:
Սոնա Հարությունյան