Եթե ոստիկանի քաշը 60 կգ է, կարո՞ղ է նստել քաղաքացու գլխին. ինչպես է պատգամավորը պատկերացնում ոստիկանների քաշային կատեգորիայի ստուգումը
ОбществоՈստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ:
«Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են: Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը: Օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է: Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով»,- գրել էր նա:
ՄԻՊ-ի հայտարարության մեկնաբանություններում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրել է. «Պարոն Թաթոյան, կիրառված ուժի համաչափությունը գնահատելիս խնդրում եմ ուշադրություն դարձնել ոչ միայն ոստիկանների քանակական գերակշռությանը, այլ նաև՝ նրանց քաշային կատեգորիային»։
Հետաքրքիր է՝ իշխանական պատգամավորը ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանների քաշային կատեգորիայի ստուգումը, ասենք` գործողության բուն պահին: Այս առիթով համացանցում քննարկում են, որ, նկատի ունենալով պագտամավորի ասածը, այսուհետ մարդիկ դիմակի հետ միասին կշեռք պահեն իրենց մոտ, որպեսզի իրենց «քարշ տալով, հարվածելով, ոտքը գլխին դնելով» բաժին տանելիս կարողանան կշռել ոստիկաններին, իսկ եթե, օրինակ, քաշը չգերազանցի 60 կգ-ը, թույլ տան նշված ձևով իրենց «հրավիրել» բաժին: